«Ազնավուր» կենտրոն

«Ազնավուր» կենտրոն (մամուլում հաճախ սխալմամբ շրջանառվում է «Շառլ Ազնավուրի տուն-թանգարան» տարբերակը), Ազնավուր հիմնադրամի առաջին մշակութային նախագիծը։ ‘ «Ազնավուր» կենտրոնի նախագծի ներկայացմանը ներկա էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Ազնավուր» կենտրոնը տեղակայված է Երևանում՝ Կասկադի բարձունքի վերին հատվածում։

Ազնավուր կենտրոնում կազմակերպվում են կրթական և մշակութային միջոցառումներ՝ համերգներ, ցուցահանդեսներ, կոնֆերանսներ։

Ինտերակտիվ թանգարան

Ազնավուր կենտրոնում նախատեսվում է 2021 թվականին ստեղծել ինտերակտիվ թանգարան, որի 10 սրահներում ներկայացվելու են Շառլ Ազնավուրի կյանքի ամենաէական փուլերը՝ ընտանիքի պատմությունից մինչև համաշխարհային ճանաչում։ Բաժինները ներկայացվելու են աուդիոգիդի միջոցով՝ հենց Ազնավուրի ձայնի ուղեկցությամբ, ինչպես նաև տրամադրվելու են բազմապիսի ֆունկցիոնալ հնարավորություններ նոր երգեր ստեղծելու և մշակելու համար։

Կրթամշակութային կենտրոն

Ազնավուր կենտրոնում կգործի նաև կրթական և մշակութային կենտրոն՝ կենտրոնանալով երեք ոլորտների՝ կինոարվեստի, երաժշտության և ֆրանսերենի վրա։

Ֆրանսերենի ուսուցանում

Ազնավուր կենտրոնում անցկացվելու է ֆրանսերենի ուսուցում, որտեղ դասավանդման դասական եղանակին զուգահեռ կկիրառվի նաև ֆրանսերենի յուրացման նոր մեթոդ՝ Ազնավուրի երգերի տեքստերի և երաժշտության օգնությամբ։ Ֆրանսիական ինստիտուտի հետ համագործակցության շնորհիվ ստեղծվելու է արդի հարուստ մեդիադարան: