Մոլորակը չի ընդունում իդեալականությունը

Կյանքում բոլորն էլ իրենց մտքերում ունեն գծագրած մի պահ, որին սպասում են: Կարծես ամբողջ կյանքը ապրում են, այդ պահին հասնելու և երկար սպասված բավարարությունը զգալու համար… Այդ պահը լիովին մտածված է և կարծես իր մեջ ոչ մի սխալ չունի բայց… Կյանքում չկա ճիշտ որոշում, չկան ճիշտ արարքներ: Բոլորն էլ ունեն որևէ թերություն, ինչպես մարդիկ: Եթե մարդը չի կարող իդեալական լինել, ապա նրա արարքները նույնպես չեն կարող անթերի լինել… Անգամ տարիների ընթացքում մշակված արարքը կամ պլանը, ունի իր թերությունը, որը ի հայտ է գալիս միայն կատարվելուց հետո: Ցանկացած մտահաղացում իդեալական է թվում, մինչ այն դեռ իրագործված չէ… Կան մարդիկ, ովքեր այսքանը հասկանալով, միևնույն է շարունակում են գծագրել իրենց կյանքի ամենք մանրուք, ոմանք էլ ուղղակի ապրում են ներկայով, որպեսզի չհիասթափվեն երկար մտածված նախագծի ձախողումից: Քայլեր անելուց առաջ, ձգտեք իդեալականությանը, բայց միշտ հոգու խորքում հաշվի առեք, որ մեր մոլորակը չի ընդունում անթերիությունը…

Փորձ

Հետազոտական աշխատանքի համար կենսաբանության լաբորատորիայում փորձեցինք ստուգել մեր մատերի վրա եղած մանրէների քանակը ։Փորձեմ նկարագրել փորձի ընթացքը` նախ սննդային ագարից պատրաստեցինք միջավայր մանրէների համար, հետո այն տաք վիճակում լցրեցինք Պետրիի թասերի մեջ, թողեցինք սառի, այնուհետև դրեցինք մեր մատնահետքերը, հաջորդ փորձին ձեռքերը կմշակենք ալկոգելով նախքան մատնահետք դնելը և կհամեմատենք ալկոգելի ազդեցությունը մանրէների վրա։

Մի վազիր ստվերիդ հետևից…

Մի վազիր ստվերիդ հետևից…

Ինչ զգացողություններ են արթնանում, երբ հետ ես նայում անցածդ ճանապարհին և տեսնում ոտնահետքերը: Քեզ դու՞ր է գալիս տեսարանը, միգուցե ցանկանում ես վերադառնալ… Մի՛ փորձիր, վերադառնալ էլ չես կարող: Երբեմն ինքս որոշ հիշողություններ ցանկանում եմ կրկին իրականացնել և զգալ այդ պահը… Այդպիսի իրավիճակներում ուղղակի կանգ եմ առնում: Կանգնում եմ ճանապարհի կեսին և հետ նայում: Այո, վերադառնալ չեմ կարող, բայց որոշ չափով երևում է հետևում մնացած տեսարանը… Փորձում եմ վերլուծել այն: Արդյո՞ք ճիշտ ուղու վրա եմ, կամ արդյո՞ք չեմ տրորել ծաղիկները, որոնք վաստակել էի: Հիշե՛ք, մենք հաղթահարում ենք անձրևը, որպեսզի հետագայում վայելենք ծաղիկները, որոնք ծաղկել են անձրևի հետևանքով: Երբեմն հեռվում ծաղիկների փունջ տեսնելիս մենք վազում ենք ընդառաջ, բայց հաշվի չենք առնում, որ ճանապարհին հանդիպած փոքր ծաղիկները, հազար փունջ արժեն… Վերջում ծաղիկների փունջը թոռոմում է, թափվում, իսկ ճանապարհի համարյա եզրին ծաղկող ծաղիկները աճում են արևի շողերի տակ և վայելում դեպի իրենց ուղղված զմայլված հայացքները: Բաց մի՛ թող քո ծաղիկը, մի՛ վազիր այն փնջի հետևից, որը դու չես հավաքել…

ԱՅՍ ԻՄ ՀՐԱՇՔ ԱՇԽԱՐՀՆ Է Համո Սահյան

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր 
Գլխիվայր են ծառերն աճում, 
Եվ ջրվեժներն ալեփրփուր 
Դեպի երկինք են շառաչում։ 
Սարը սարից ամպ է խլում, 
Ջուր է խմում ձորը ձորից, 
Երկնքի մեջ արտ է ծլում, 
Ու երկինք է բուսնում հողից… 
Այս իմ հրաշք աշխարհն է, ուր 
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։ 

Սա իմ հրաշք աշխարհն է, ուր…

Բոլորս էլ ունենք, չէ՞, մեր աշխարհը… Բոլորս էլ ունենք այնպիսի տեղ, որտեղ մեզ զգում ենք ամենալավը, ամենահանգիստը, որտեղ մեզ զգում ենք ամենա-ամենախաղաղը… Այո, բոլորս էլ ունենք «մեր հրաշք աշխարհը»։ Սա էլ իմ հրաշք աշխարհն է, ուր ես ինձ զգում եմ ամենահանգիստը։ Ամենահանգիստ ասելով՝ նկատի ունեմ այն, որ այդ հրաշք աշխարհում չեմ կոմպլեքսավորվում, վստահ եմ իմ ամեն քայլի, ամեն խոսքի և ամեն արարքի համար։ 

Հավանում եմ իմ արտաքինը։ Սիրում եմ կազմվածքս, սիրում եմ աչքերս, սիրում եմ դեմքս, նաև բնավորությունս… Զգում եմ ինձ ամենախաղաղը։ Հանգիստ եմ։ Հանգիստ եմ, քանի որ ձայներն ինձ չեն խանգարում, ոչ մի բան ինձ չի հուզում։ Ես իմ հրաշք աշխարում անում եմ ամեն ինչ այնպես, ինչպես սիրտս է ցանկանում։

Այո, բոլորս էլ ունենք մեր հրաշք աշխարհը… Բայց այդյոք դրանք իրական են, թե՞ ուղղակի երազանք։ Առաջին հայացքից թվում է, թե սա դժվարություններից փախչելու տարբերակ է, բայց նույնիսկ ամենափորձառու նավաստին, ով հաղթահարել է հազարավոր ալեկոծված ծովեր և օվկիանոսներ, կարիք ունի շունչ քաշելու և խաղաղ ջրի մակերևույթի ալիքներին հավասար շարժվելու…