Արշակունիների արքայատոհմը

Հայ Արշակունիների արքայատոհմը սերել է պարթև Արշակունիների արքայատնից, թագավորել է Մեծ Հայքում 66–428 թթ-ին:
Արտաշիսյան արքայատոհմի անկումից հետո Մեծ Հայքում քաղաքական ազդեցության համար պայքարել են Հռոմն ու Պարթևստանը, երկրում թագավորել են օտարազգի դրածո արքաները: 52 թ-ին հայ-պարթևական զորքերը գահ են բարձրացրել Պարթևաց արքա Վաղարշ I-ի կրտսեր եղբորը՝ Տրդատին: Հռոմի պատերազմը Հայաստանի և նրա դաշնակից Պարթևստանի դեմ ավարտվել է Հռանդեայի (Եռանդի) ճակատամարտում (62 թ.) հռոմեական զորքերի ծանր պարտությամբ: 66 թ-ին Հռոմը պաշտոնապես ճանաչել է Մեծ Հայքի անկախությունը, և Ներոն կայսրը Հռոմում թագադրել է Տրդատին.  դրանով սկզբնավորվել է Արշակունյաց արքայատոհմի հայկական ճյուղը: Տրդատ Ա-ն, որը հայկական աղբյուրներում հայտնի է Արտաշես անունով, վերականգնել է ավերված Արտաշատը, կառուցել Գառնիի ամրոցը (76 թ.) և հեթանոսական տաճարը: Տրդատ Ա-ին հաջորդել է Սանատրուկը. նա 91 թ-ին Մեծ Հայքին է միացրել Եդեսիայի թագավորությունը, հիմնել է նոր արքայանիստ Մծուրք քաղաքը: Սանատրուկին անվանել են «Մեծ թագավոր Հայոց Մեծաց և Եդեսիո»: Սանատրուկից հետո Մեծ Հայքում հաջորդաբար թագավորել են Պարթևաց Բակուր II արքայի որդիներ Աշխադարն ու Պարթամասիրը: Հռոմեական կայսր Տրայանոսը 114 թ-ին գահընկեց է արել Պարթամասիրին և Հայաստանը հայտարարել Հռոմեական պրովինցիա: Տրայանոսի արկածախնդիր արշավանքի ձախողումից (116 թ.) հետո Մեծ Հայքի թագավոր է հռչակվել Վաղարշ Ա-ն, որն արքունիքը հաստատել է նորակերտ Վաղարշապատում: Հռոմեական Անտոնիոս Պիոս  կայսրը 144 թ-ին տապալել է Վաղարշ Ա-ին և գահը հանձնել Ասորիքի Եմեսա (Հոմս) քաղաքի թագավոր Սոհեմոսին (Կոմմագենի Երվանդունիների արքայատնից), որի կառավարումն ընդմիջվել է Բակուրի գահակալմամբ: 186 թ-ին Սոհեմոսին հաջորդել է Վաղարշ Բ-ն, ով սկզբնավորել է հայ Արշակունիների ժառանգական իշխանությունը: Վաղարշ Բ-ին հաջորդած որդին՝ Խոսրով Ա Մեծը, գահակալման սկզբնական տարիներին պայքարել է կովկասյան հրոսակ ցեղերի դեմ ու ամրապնդել երկրի հյուսիսային սահմանները: Իրանում պարթև Արշակունիների անկումից և Սասանյանների արքայատան հաստատումից (226 թ.) հետո, գլխավորելով հակասասանյան ուժերը, Խոսրով Ա-ն համառ կռիվներ է մղել Մեծ Հայքի ինքնուրույնության և սահմանների անխախտության համար: Զոհվել է 259 թ-ի պարսկական արքունիքի կազմակերպած դավադրության հետևանքով: Սասանյանների դեմ անհաշտ թշնամության պայմաններում հայ Արշակունիներն այնուհետև հաճախ դաշնակցել են Հռոմեական կայսրության հետ: 261 թ-ին Շապուհ I-ը ռազմակալել է Մեծ Հայքը և նրա գահը հանձնել իր գահաժառանգ որդուն՝ Որմիզդ-Արտաշիրին, որին հաջորդել է եղբայրը՝ Ներսեհը: 287 թ-ին հայ-հռոմեական զորքերը Բասենում պարտության են մատնել պարսիկներին, նրանց դուրս մղել Մեծ Հայքից և Հայոց թագավոր հռչակել Խոսրով Ա-ի որդի Տրդատ Գ Մեծին: 298 թ-ին Մծբին քաղաքում Հռոմի հետ կնքած 40-ամյա խաղաղության պայմանագրով Սասանյանները ճանաչել են Մեծ Հայքի ինքնուրույնությունը և Արշակունիների գահը: Մոտ 330 թ-ին Տրդատ Գ-ին հաջորդել է որդին՝ Խոսրով Բ Կոտակը, որը, հակահարված տալով Սասանյան Շապուհ II արքայի ոտնձգություններին և ճնշելով հայ որոշ ավատատերերի անջատամետ հակումները, վարել է պետության կենտրոնացման քաղաքականություն, զբաղվել շինարարական աշխատանքներով: Հիմնել է նոր մայրաքաղաք Դվինը` շրջակա անտառով, «Տաճար Մայրի» և «Խոսրովակերտ» (պահպանվել է ցայժմ) անտառները` արգելանոց-որսարաններով: Նրա մահից հետո պարսիկները ռազմակալել են Հայաստանը: Խոսրով Բ-ի գահաժառանգ որդի Տիրանը հաստատվել է գահին Հռոմի օգնությամբ (338 թ.): Նա շարունակել է հոր՝ պետական իշխանության ամրապնդման և կենտրոնացման քաղաքականությունը: 350 թ-ին Շապուհ II-ը խոշոր բանակով ներխուժել է Հայաստան, ձերբակալել Տիրանին, կուրացրել նրան և ընտանիքի հետ գերեվարել Պարսկաստան: Սակայն նույն թվականին հայ-հռոմեական միացյալ ուժերն ազատագրել են Մեծ Հայքը՝ Շապուհ II-ին հարկադրելով ճանաչել Արշակ Բ-ի գահը: Արշակ Բ-ի ձերբակալությունից հետո երկրի պաշտպանությունը ղեկավարել են թագուհի Փառանձեմն ու թագաժառանգ Պապը: 371 թ-ին հայ-հռոմեական միացյալ ուժերը Ձիրավի դաշտում (Նպատ լեռան մոտ) ջախջախել են պարսկական զորաբանակը՝ Շապուհ II-ին ստիպելով ճանաչել Մեծ Հայքի անկախությունն ու Պապի գահակալությունը: Պապը մեծացրել է արքունի բանակը, ընկճել նախարարների և խոշոր հոգևորականության ընդվզումները, ձեռնարկել երկիրը կենտրոնացնելու և հզորացնելու միջոցառումներ: Հռոմեական արքունիքը, երկյուղելով երիտասարդ թագավորի ինքնուրույն քաղաքականությունից, 374 թ-ի աշնանը դավադրաբար սպանել է նրան: Հռոմը Հայոց գահը հանձնել է Պապի եղբորորդի Վարազդատին, որին գահընկեց է արել Հայոց սպարապետ Մանվել Մամիկոնյանը և գահ բարձրացրել Պապի անչափահաս որդի Արշակ Գ-ին: 387 թ-ին Հռոմի կայսրը և Պարսից արքան Մեծ Հայքի թագավորությունը բաժանել են միմյանց միջև: Երկրի ծայրագավառներն անդամատվել են, արևմտյան մի քանի գավառներ անցել են Հռոմին, իսկ Մեծ Հայքի մեծ մասը՝ Պարսկաստանին:Արշակ Գ-ի մահից (390 թ.) հետո հռոմեական մասը վերածվել է կայսերական նահանգի, իսկ Պարսկաստանին ենթակա մասում հաջորդաբար թագավորել են Խոսրով Դ-ն, Վռամշապուհը և նրա որդի Արտաշես Գ-ն: Վերջինիս գահազրկումից (428 թ.) հետո վերացել է Արշակունիների արքայատոհմը, և Մեծ Հայքի պարսկական մասը վերածվել է մարզպանության: