Վահան Տերյան

1․ Կարդալ Վահան Տերյանի մասին պատմող նյութը և գրավոր վերապատմիր բլոգում։

Վահան Տերյանը (իսկական ազգանունը՝ Տեր-Գրիգորյան) սովորել է Գանձայի ծխական, 4 ամիս՝ Ախալքալաքի քաղաքային դպրոցներում, 1899–1906 թթ-ին՝  Մոսկվայի Լազարյան ճեմարանում: 1906 թ-ին ընդունվել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրության ֆակուլտետը, մամուլում տպագրել իր առաջին բանաստեղծությունները: 1910–12 թթ-ին Պողոս Մակինցյանի, Ալեքսանդր Ծատուրյանի, Կարեն Միքայելյանի հետ հրատարակել է «Գարուն» ալմանախը (3 հատոր), 1912 թ-ին հիմնադրել է «Պանթեոն» հրատարակչական ընկերությունը:

1913–17 թթ-ին Տերյանը սովորել է Պետրոգրադի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում, հայագետ Նիկողայոս Մառի ղեկավարությամբ ուսումնասիրել է հայագիտական  առարկաներ, սովորել արաբերեն, պարսկերեն, վրացերեն, մասնակցել է Վալերի Բրյուսովի կազմած «Հայ պոեզիան…» անթոլոգիայի և Մաքսիմ Գորկու խմբագրած «Հայ գրականության ժողովածուի» պատրաստմանը, ռուսերեն թարգմանել հայ հեղինակների գործերից: 

1914 թ-ին Տերյանը Թիֆլիսում հանդես է եկել «Հայ գրականության գալիք օրը» ծրագրային զեկուցումով, որն իր նշանակությամբ ձեռք է բերել XX դարի նորագույն շրջանի հայ գրականության զարգացման հռչակագրի արժեք: 

1917 թ-ին Տերյանը դարձել է բոլշևիկյան կուսակցության անդամ, Ազգությունների ժողկոմիսարիատում եղել է հայկական գործերի բաժնի վարիչի տեղակալ: 1917 թ-ի վերջին Ռուսաստանի խորհրդային կառավարությանն է ներկայացրել «Թուրքահայաստանի մասին» դեկրետը (որոշում) և «Հայաստանի մասին» զեկուցագիրը: 1918 թ-ին մասնակցել է Բրեստ-Լիտովսկի հաշտության բանակցություններին`  որպես համառուսաստանյան ազգությունների ժողկոմխորհի` հայկական գործերի գծով խորհրդական: 

1919 թ-ի աշնանն արտգործժողկոմատի հանձնարարությամբ Տերյանը մեկնել է Միջին Ասիա, սակայն թոքախտով հիվանդ բանաստեղծը ճանապարհին վախճանվել է (հունվարի 7-ին):

1908 թ-ին Թիֆլիսում լույս է տեսել Տերյանի առաջին՝ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որով նոր դարագլուխ է բացվել հայ քնարերգության պատմության մեջ: Գրական աշխարհը ողջունել է տաղանդավոր բանաստեղծի հայտնությունը: 

Ժողովածուի լույսընծայման առիթով Ստեփան Զորյանը գրել է. «…Սկսվել էր պարզապես տերյանական շրջան, Տերյանի էպոխա: Օդը լիքն էր Տերյանով. երիտասարդության խոսակցության նյութն ամեն տեղ նրա բանաստեղծություններն էին, իսկ ընկերների ու սիրահարների սրտագին նվերը միմյանց՝ «Մթնշաղի անուրջները»: 

2․ Ընտրել որևէ շարք և կարդալ բանաստեղծությունները: 

ԳԻՇԵՐ ԵՎ ՀՈՒՇԵՐ 

3․ Շարքից առանձնացնել՝

  • ամենահուզիչ

Պատուհանիս տակ լալիս է կրկին 
Թափառիկ երգչի երգը ցավագին,— 
Տխուր այդ երգը վաղուց եմ լսել, 
Կարծես թե ե՛ս եմ այդ երգը հյուսել, 
Կարծես թե ե՛ս եմ լալիս այդ երգում, 
Կարծես թե քե՛զ եմ կարոտով երգում։

  • ամենատխուր

Սև գիշե՜ր, և հուշե՜ր, և խոհե՜ր անհամար, 
Մոռացված երազներ՝ շուշաններ թառամած, 
Խնդություն հեռացած և՛ անցած, և՛ անդարձ,— 
Տրտմություն մենավո՜ր, միաձա՜յն, միալա՜ր…

Մշուշներն են սահում… Սոսավում է ուռին… 
Իմ օրեր անհատնում, անխնդում և անտուն. 
Ցնորքնե՛ր լուսավառ, ընդունայն, ապարդյուն, 
Մոռացված է հավետ արևոտ ձեր ուղին…

Սև խոհեր անսպա՜ռ, անհամա՜ր, անհամա՜ր, 
Սև գիշե՜ր, և հուշե՜ր, և հուշե՜ր ընդունայն, 
Երազնե՜ր իմ անդարձ — ծաղիկնե՜ր իմ գարնան. 
Ի՞նչ կանչով ձեզ կանչեմ, ինչպես լամ ձեզ համար։

  • ամենաանհույս՝

ՃԱՄՓԱԲԱԺԱՆ

Կանգնած եմ նորից ահեղ անտառում 
Ճանապարհների բաժանումի մոտ. 
Հանգչում են վերջին կրակներն աղոտ, 
Ու մութն է կրկին իջնում ու փռվում…

Անցած օրերըս շարքերով դալուկ 
Շողում են ահա և անհետանում.
Չըգիտեմ կյանքը ինձ ո՞ւր է տանում. —
Ամեն ինչ հարց է, մթին հանելուկ։

Ծեծում են կուրծքըս քամիները բիրտ, 
Հազար ձայներով անտառն է խոսում, 
Ես ուղիների լաբիրինթոսում, 
Եվ ողջը օտար, ողջը խստասիրտ։

Կանգնած եմ նորից ահեղ անտառում 
Մութ ուղիների բաժանումի մոտ. 
Պարզված է սիրտըս հեռուն ու հեռուն, 
Այրում է հոգիս, անհուն մի կարոտ…

  • ամենաոգեշնչող

ՄԵՂՄՈՒԹՅՈՒՆ

Այսօր եղիր քրոջ պես — 
Անչար, մաքուր և գթոտ,— 
Գրկենք իրար ու նստենք, 
Նստենք մինչև առավոտ…

Այսօր եղիր որպես մայր — 
Բարի, քնքուշ, նրբազգաց,— 
Նստիր խաղաղ մահճիս մոտ, 
Մութ գիշերին հետըս լաց…

Ամոքիր դու իմ ցաված 
Սիրտըս սիրով քո անբիծ,— 
Այն մոռացվա՜ծ, մոռացվա՜ծ 
Հեքիաթները պատմիր ինձ…

  • ամենաերազկոտ

ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

Դանդաղ է քայլում հոգնատանջ իմ ձին, 
Եվ տաղտկալի է այս ուղին մոլոր.— 
Չըհիշե՛լ, մերժե՛լ տենչերըս բոլոր
Եվ ցնորքներըս, որ ինձ խաբեցին։

Անհուսություն և անվերջ վհատում 
Եվ դառնություն է լցված իմ հոգում. 
Փռված է խավար, և՛ մահ, և՛ անկում — 
Ավերվա՛ծ ես դու, հայրենական տուն…

Որքան էլ գիշերն ահավոր իջնի, 
Եվ ուր էլ գնամ՝ գլուխ դնելու 
Հարազատ մի հող ես չեմ գտնելու 
Սև ճանապարհիս օրերում դժնի։

Տանջանք են ու խոց հուշերըս բոլոր, 
Մըտքերըս ամեն — անամոք ցավեր —
Խավար է շուրջըս, և՛ մահ, և՛ ավեր, 
Մութով է լցված իմ ուղին մոլոր…

Ու քանի գնում՝ այնքան անհատնո՛ւմ, 
Այնքան ցավո՛տ են խոհերըս անհույս,— 
Դու չըկաս արդեն, դարձել ես զրույց, 
Երազ ես դարձել — հայրենական տուն…

Ա՜հ, այս ցուրտ երկրի անհայտում անհուն 
Ընկնել և՛ կորչել, և՛ ննջել հավետ, 
Ոչնչանալ ու մոռացվել քեզ հետ, 
Ավերված երազ —հայրենական տո՜ւն…